Արդյոք ճանաչո՞ւմ եք մեկին, ով ուրիշին իր տուն մտնելու և իր զավակներին տված և սովորեցրած արժեքների ամբողջովին հակառակը սովորեցնելու արտոնություն տա:
Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է իր սեփական արժեքները հաղորդել իր զավակներին, քան թե ուրիշինը, հատկապես, երբ այդ ուրիշի արժեքներն ամբողջովին հակառակ են իր ունեցած արժեքներին:
Բայց այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք մեր տուն հրավիրում արժեքներից զուրկ այդ օտարին, անգամ թույլ տալիս, որ մտնի մեր ննջասենյակ, ներկա գտնվի մեր ամենամտերմիկ ընտանեկան պահերին: Նա գալիս է մեր իսկ տված արտոնությամբ ու մեր հրավերով: Նա իր արժեքները շատ մատչելի ու համոզիչ ձևով մեր երեխաներին է հաղորդում մեր իսկ քթի տակ: Նա այնպիսի արժեքներ է տալիս, որոնց մենք դեմ ենք և չէինք ցանկանա, որ մեր զավակները վարակվեին դրանցով, եթե ժամանակ ունենայինք տեսնելու ամբողջ կատարվածը:
Դա անողը «խորթ տատիկն» է: Մենք ավելի շատ վարժվել ենք խորթ մայրերին, քան խորթ տատիկներին:
Հիշում եմ, թե որքան գեղեցիկ բաներ եմ սովորել իմ տատիկից. Ս. Պատարագի հանդեպ սերը, մեծերին հարգելու կարևորությունը և այլն: Այսօր էլ տեսնում եմ տատիկների կարևոր դերը թոռների կյանքում: Բոլորս էլ լավ տատիկներ ունենալու կարիք ունենք:
Որքան էլ երեխայի բուն դաստիարակությունը որպես առաջնահերթություն ծնողի պարտականությունն է, բայց և այնպես, տատիկների դերը նույնպես շատ կարևոր է: Սակայն այս օրերին հարազատ տատիկն էլ է հաճախ հրաժարվում իր դերից և երեխաներին հանձնում խորթ տատին:
Բոլորս էլ կարդացել ենք խորթ մայրերի մասին, գիտինք նրանց անգութ վարվելակերպի, երեխաների կյանքում նրանց պատճառած մեծ վնասների մասին: Որպես իսկական մոր հակապատկեր՝ խորթ մայրը երեխաներին է փոխանցում կյանքի սխալ արժեքներ, սխալ ուղղություններ: Նա արգելք է հանդիսանում երեխայի առաջադիմությանը, սովորելուն, ինչպես նաև կարգապահությանը: Մի խոսքով, նա ցանկանում է քանդել երեխայի և՛ ներկան, և՛ ապագան: Մեծանալով՝ այդ երեխաներն իրենց մեջ կրում են խորը վերքեր, որոնք անգամ տարիներ անց չեն սպիանում:
«Խորթ տատ»-ը նույնպես որևիցե ցանկություն չունի երեխաներին բարիք մաղթելու կամ նրանց ապագայով հետաքրքրվելու: Սակայն այդ խորթ տատիկը կարևոր դեր ունի ընտանիքներում, քանի որ ծնողները շատ զբաղված են: Երբ մայրը տուն է գալիս աշխատանքից, նա հոգնած է, բայց պետք է կերակուր պատրաստի, զբաղվի տան մաքրությամբ: Ժամանակ չունի իր զավակներին հատկացնելու և երեխաներին ուղարկում է խորթ տատիկի մոտ: Կերակուրն ուտելուց հետո նա ցանկանում է մի քիչ հանգստանալ և երեխաներին կրկին ուղարկում է խորթ տատիկի գիրկը:
Երբ հայրը կամ մայրը զբաղված են, հոգնած, երեխաների չարությունից ճարահատ են լինում, երբ նրանցից որևէ մեկը ցանկանում է մի քիչ անձնական կյանք ունենալ, երեխան կրկին հանձնվում է խորթ տատիկի խնամակալությանը:
Խորթ տատը մեծ հաճույքով զբաղեցնում է երեխային: Նրա նպատակը փող աշխատելն է: Նա շատ բաներ է սովորեցնում, մեծ թվով արժեքներ է փոխանցում:
Հուսով եմ, որ սկզբից ևեթ կռահեցիք. այդ «խորթ տատ»-ը մեզանից յուրաքանչյուրի տան անկյուններից մեկում տեղադրված արկղն է, որ կոչում ենք «հեռուստացույց»:
Աշխարհի բոլոր անկյուններից նա կարող է մեզ շատ լավ բաներ բերել, շատ լավ բաներ սովորեցնել: Դրա միջոցով մենք անմիջապես իմանում ենք, թե ինչ է կատարվում աշխարհի բոլոր ծայրերում, տեղեկանում ենք քաղաքական անցուդարձին և՛ մեր երկրում, և՛ այլուր: Հետևում ենք սպորտային խաղերին: Մարզադաշտում գտնվող միլիոնավոր մարդկանց հետ միասին մենք էլ ենք ապրում այն վայրկյանները, որոնք մեր կյանքում իսկապես կարևոր և իմաստալից պահեր են:
Քանի որ այս ամենն անողը «խորթ տատն» է, ուստի նրա հետապնդած նպատակներն էլ այլ են: Այդ գեղեցիկ, մաքուր ու թանկարժեք րոպեների հետ նա ամենաշատը հետապնդում է նյութականը:
Նա ցանկանում է իր տերերի համար վիթխարի գումարներ հայթայթել: Իսկ դա մեր եւ մեր երեխաների հաշվին:
«Խորթ տատ»-ի տերերը շատ լավ ուսումնասիրել են, որ մարդու մեջ զգացականը շատ ավելի զարգացած է, քան մտային կարողությունները, որովհետև զգացականը մարդու մոտ սկսվում է դեռևս ծնունդից առաջ, սակայն մտային կարողությունները սկսում են զարգանալ մի քանի տարի հետո: «Խորթ տատ»-ի տերերն աշխատում են գրգռել երեխաների, ինչպես նաև չափահասների զգացականը: Իսկ արդեն դրանից հետո նրանք վարպետորեն թելադրում են օգտվել իրենց հովանավորների մատուցած ապրանքներից կամ ծառայություններից… Այս թեմային դեռ կանդրադառնամ:
ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ
-1-
19-րդ դարում ֆրանսիացի վիպասան Ժյուլ Վեռնն իր վեպերից մեկում («20.000 լյո ջրի տակ») կանխատեսեց և մանրամասնորեն գրեց հեռուստացույցի մասին: Հետագայում այն դարձավ իրականություն:
Հեռուստացույցն ստեղծվեց մարդկությանը ծառայելու համար: Այն մեծ ծառայություններ է մատուցում և միաժամանակ առիթ է տալիս, որ շատերը սխալ օգտագործեն այդ գեղեցիկ և հաճելի հնար-քը: Հռուստացույցն օգտագործվում է մի շարք երկրներում հեռակա դասընթացներ ապահովելու համար, նաև այնպիսի տեղերում, ուր լավ փոխադրամիջոցներ չկան, իսկ գյուղերը շատ հեռու են միմյանցից: Ալեհավաքների միջոցով աշխարհի ցանկացած ծայրից հնարավոր է տեղեկություններ հաղորդել:
Քանի՜-քանի ծերեր սփոփանք են գտնում այդ արկղի առջև, որը նրանց մոռանալ է տալիս միայնությունը:
Քանի՜-քանի մարդիկ, ովքեր տեսողության հետ կապված դժվարություններ ունեն և չեն կարողում կարդալ, հեռուստացույցով են տեղեկություն ստանում:
Բայց և այնպես, հեռուստածրագրերն ավեր են գործում մեր հասարակության կյանքում:
* * *
Հեռուստացույցի ամենավնասակար կետերը.
1. Հեռուստացույցն ընտելացնում է մեզ այնպիսի արժեքների, որոնք սկզբում տարօրինակ և անընդունելի էին համարվում:
Երբ մեր կյանքում առաջին անգամ հանդիպում ենք ցանկացած մի արժեքի, որը հակառակ է մեր ունեցած արժեքներին, վրդովվում ենք, բայց երբ արդեն հաճախակի ենք հանդիպում դրան, այլևս չենք վրդովվում և ապա սկսում ենք ընդունել այն որպես բնական մի բան: Բացատրեմ օրինակով: Եթե երբեք հայհոյանք չենք լսել, երբ առաջին անգամ լսենք, կարող ենք շատ վրդովվել, բայց մի քանի անգամ լսելուց հետո այլևս այնքան չենք վրդովվի, իսկ հաճախակի լսելուց հետո արդեն բնական կհամարենք ու նույնիսկ ինքներս կսկսենք հայհոյել:
Եթե կարողանայիք հիշել, թե տասը տարի առաջ ինչպիսին էին Ձեր արժեքները, և այժմ որքան են փոխվել դրանք… Ձեր երեխաների համար սկզբից ևեթ բնական է համարվում այն, ինչը Ձեր ծնողները նույնիսկ ամաչում էին դիտել: Այսօր իսկ Ձեր ծնողները շատ չեն ընդդիմանում այն այլանդակ արժեքներին, որոնք մատուցվում են հեռուստացույցով:
2. Մարդիկ յուրացնում են վատ օրինակները և նույնն իրենք են անում:
Հիշում եմ, մի օր Սիդնեյում հեռուստացույցով ցույց տվեցին պատանիների, ովքեր ջարդել էին փողոցներից մեկի բոլոր տների առջև գտնվող փոստարկղերը: Հաջորդ առավոտյան մեր փողոցի բոլոր տների փոստարկղերը նույնպես ջարդված էին… Բյուրավոր այսպիսի օրինակներ կարող եմ տալ, նույնիսկ մարդասպանությունների, առևանգումների, գողությունների մասին:
3. Մարդկանց երևակայությունը սահմանափակվում է:
Երբ որևէ գիրք ենք կարդում, մեր երևակայությունը սկսում է շատ արագ աշխատել: Բայց երբ հեռուստացույցի առջև ենք, ցուցադրվող պատկերներն այլևս ոչինչ չեն թողնում մեր երևակայությանը, ամեն ինչ պատրաստի է: Ասենք՝ կարդում ենք. «…Կարմիր շորերով փոքրիկ աղջնակն անտառ մտավ…»: Մենք երևակայում ենք այդ աղջնակին մեր ցանկության համաձայն, պատկերացնում նրա հագուստի տեսակը, կարմիր գույնի մեր ուզած երանգը, աղջկա տարիքը, տեսքը, մազերը… Անտառը նույնպես պատկերացնում ենք մեր հասկացողությամբ և ընկալմամբ: Մեր մտքին սավառնելու հնարավորություն ենք տալիս: Իսկ հեռուստացույցով այս ամենը տեսնում ենք, և մեր երևակայությանն անելիք չի մնում:
4. Մարդիկ պասիվ են դառնում:
Հեռուստացույցով շարունակաբար անարդարություն տեսնելով՝ մարդիկ այլևս պասիվ են դառնում կյանքում իրենց տեսած ու ապրած անարդարությունների հանդեպ:
Երբ հեռուստացույցով ցուցադրված ժամանցային ֆիլմերի մեջ մարդիկ սպանություններ, աղետներ կամ վթարներ են տեսնում, լրատվական ծրագրերով տեսած իսկական կյանքի աղետները, սպանությունները կամ վթարները նրանց վրա գրեթե ազդեցություն չեն գործում:
5. Մարդիկ չեն կարողանում բավարարվել իրենց ունեցածով:
Երբ երեխան տեսնում է ամբողջովին այլ կյանք, որ մարդիկ շատ ավելի հանգիստ են, որ նրանք շատ ավելին ունեն, այլևս չի բավարարվում իր ունեցածով:
Գովազդատուներն իրենց ապրանքը ներկայացնում են ոչ միայն որպես ցանկալի, այլ նաեւ որպես խիստ անհրաժեշտ մի բան մարդկանց երջանկության ու գոհացման համար: Երեխան անգիտակ-ցաբար և անտրամաբանորեն պահանջում ու ստիպում է տան անդամներին, որ անպայման պետք է ունենա իր տեսածը:
ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ
— 2-
Հեռուստացույցն այլևս միշտ ներկա կլինի մեր կյանքում: Չենք կարող անհետացնել այն: Բայց քանի որ դրա վնասները շատ են, անհրաժեշտ է զսպել և հնարավորության սահմաններում օգտագործել ընտանիքի անդամների բարիքի համար: Իսկ եթե դա անհնար է, գոնե պետք է զսպել պատճառած վնասները:
Ընտանիքում անգամ միասին ճաշելու գեղեցիկ ու կարևոր սովորույթը կամաց-կամաց վերանում է: Կարելի է այնպես անել, որ հեռուստացույց դիտելիս ընտանիքը միասին լինի:
Բավականաչափ վնասակար է, եթե ձեր զավակներն իրենց անձնական հեռուստացույցն ունեն, մանավանդ՝ իրենց ննջասենյակում: Հեռուստացույցը, տեսաձայնագրիչն ու համակարգիչը պետք է դրված լինեն բաց տեղում և օգտագործվեն ամենքի ներկայությամբ:
Ցանկալի է, որ ընտանիքում միասին որոշեն, թե որ հաղոր-դումներն են միասին դիտելու՝ հաշվի առնելով ամեն մեկի կարծիքը, ցանկությունը, կարիքը, այդ թվում և փոքրերինը:
Որքա՜ն գովելի է, երբ ընտանիքը շաբաթվա սկզբում համա-ձայնության է գալիս, թե որ ժամերին պիտի միացնեն հեռուստացույցը և որ ժամերին անջատեն: Լավ պիտի լինի նաև, որ օրվա ընթացքում հեռուստացույցն անջատվի, և ընտանիքի անդամները որոշ ժամանակ տրամադրեն՝ միմյանց հետ խոսելու, մեկը մյուսին լսելու համար, այլ կերպ ասած՝ միասին ուրիշ ժամանց էլ ունենան:
Ինչպե՞ս որոշել ժամերն ու տևողությունը:
Երբ ընտանիքի բոլոր անդամների կարծիքը հարցնենք, այստեղից էլ կսկսվի իրական դեմոկրատիան: Դրանով յուրաքանչյուրի հանդեպ հարգանք կտածենք, բոլորին կարժևորենք: Տան մեջ համերաշխություն կաճի: Բոլորի մոտ խոր արմատներ կգցի զիջման գաղափարը:
Դեմոկրատիան չի նշանակում քվեարկել, որի արդյունքում ամենից շատ քվե ունեցողը շահում է: Բոլորի և՛ կարծիքը, և՛ կարիքը պետք է նկատի առնել: Արդյունքում, բոլորն էլ կսովորեն զիջել: Զիջումն առաջին քայլն է: Եթե այս ձևով առաջ գնանք, որոշ ժամանակ հետո մենք կարող ենք ընդհանուր համաձայնության հասնել՝ առանց զիջման գաղափարի:
Հարգելով ծերերին՝ նրանց պետք է ավելի ուշադրություն դարձնել, բայց կամաց-կամաց նրանք էլ պիտի ընդունեն զիջել ընտանիքի մյուս անդամներին:
Ինչպե՞ս ընտրել հեռուստածրագիրը:
Ավստրալիայում բոլոր ծրագրերի որակավորումը ստիպողական բան է: Այստեղ կան «Լավ», «Ծնողի առաջնորդության կարիքն ունեցող», «Չափահաս» ծրագրեր: Չափահասների ծրագրերը նույնպես որակավորված են իրենց համապատասխան թեմաների համաձայն՝ «թմրադեղեր», «բռնաբարություններ», «սիրային», «մերկ մարդիկ» և այլն:
Նպատակահարմար է, որ ընտանիքը դիտի «լավ» և «ծնողի առաջնորդության կարիքն ունեցող» ծրագրերը: Եվ շատ ավելի հարմար կլինի, եթե ծնողներն էլ հրաժարվեն մի շարք ծրագրերից, որպեսզի երեխաներին բարի օրինակ ծառայեն:
Նկատել եմ, որ շատ ծնողներ ուշադրություն չեն դարձնում իրենց զավակների դիտած ծրագրերի բովանդակությանը: Սա ավելի հաճախ պատահում է այն դեպքում, երբ ծնողը հեռուստացույցն օգտագործում է երեխաներին իր մոտից հեռացնելու նպատակով:
Եթե ծնողը երեխայի մոտ նստած լինի հեռուստացույց դիտելիս, ապա կարող է որոշել՝ ալիքը փոխելու կարիք կա կամ ոչ: Ծնողը կարող է նաև ուղղել կամ սրբագրել, եթե որևէ սխալ արժեք է ներկայացվում: Հիշում եմ, երբ մի ընտանիքում զրուցում էինք ծնողների հետ, աղջիկները հեռուստացույց էին դիտում: Հանկարծ մայրը ներողություն խնդրեց մեր խոսակցությունն ընդհատելու համար և նրանց ասաց. «Ծննդաբերությունը միայն ցավ չի պատճառում, ուրիշ շատ լավ կողմեր էլ ունի»: Հեռուստացույցով ցույց էին տալիս ծննդաբերության տառապանքը: Խոսքն ինձ ուղղելով՝ ասաց. «Կարևոր է, որ նրանք սխալ գաղափար չկազմեն ծննդաբերության մասին»: Շարունակեցինք մեր զրույցը:
Անցյալում կարծում էին, թե մուլտֆիլմերն անվնաս են: Սակայն մուլտֆիլմերում նույնպես վայրագության զանազան դրսևորումներ կան:
Մուլտֆիլմում ծեծվողը կամ նույնիսկ սպանվողը միշտ վերականգնվում է՝ առանց որևիցե հետևանք կրելու: Իսկ այս հանգամանքը շատ վատ ազդեցություն ունի երեխայի ուղեղի վրա:
Այժմ մի շարք մուլտֆիլմերում սխալ արժեքներ են մատուցվում, դրանք նաեւ քանդում են ընտանեկան արժեքները:
Սպորտային ծրագրերից նույնպես պետք է ընտրել վայրագություն չպարունակողները, որովհետև դրանք էլ իրենց հերթին սխալ արժեքներ են հաղորդում, հատկապես՝ երեխաներին:
Երանի՜ այն ընտանիքներին, ուր տան անկյունում դրված այդ արկղը դադարել է «խորթ տատիկ» լինելուց և դարձել է ընտանիքի հաճոյակատար ծառան:
Դա իրականություն կլինի այն ժամանակ, երբ ընտանիքը կկողմնորոշվի, թե ինչ է դիտելու և երբ, և ամեն ինչ քննարկելուց հետո միայն կընդունի դա և՛ որպես ճշմարություն, և՛ որպես արժեք:
Մաղթում եմ, որ մեր ընտանիքներում սա դառնա լուսավոր իրականություն:
ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ
-3-
Օգնել երեխաներին, որ նրանց մեջ լավ արժեքներ զարգանան:
Ամեն ջանք պետք է թափել, որպեսզի տարբեր տարիքի երեխաներին սովորեցնենք կյանքի սրբության արժեքները: Չբավարարվենք միայն արգելելով երեխաներին դիտել թմրադեղերի, բռնաբարության, սեռային հարաբերությունների, մերկ մարդկանց թեմաներով ծրագրեր: Հարկ է սովորեցնել կյանքի ճշմարիտ արժեքները:
Եթե թողնենք, որ երեխաները խոսեն, ապա նրանք շատ հեշտությամբ կարտահայտվեն, իսկ մենք կարող ենք լսել ու սրբագրել նրանց սխալը կամ նոր ուղղություն ցույց տալ (անհրաժեշտ չէ, որ դա լինի այդ նույն պահին): Քննադատական աչքով դիտելու կարողությունը մի բան է, որ մենք կարող ենք սովորել ու սովորեցնել:
Կարևոր է գիտենալ, թե մեր տեսածներից ինչին պետք է հավատանք, ինչն է սխալ, եւ որոշ բաների պետք է վերապահորեն մոտենանք, մինչև ավելի ստույգ տեղեկություններ ունենալը:
Որպեսզի կարողանանք սա անել, ինքներս մեզ միշտ պետք է հարց տանք, թե այդ տեղեկությունն ում օգտին է, ով կարող է հատուկ շահ ունենալ նման տեղեկություն տարածելով:
Ի սկզբանե՝ դեռևս շատ փոքր տարիքից, մարդու մեջ տիրապետելու, քանդելու, բռնաբարելու, ուրիշին և ինքն իրեն վնաս հասցնելու զորավոր պահանջ կա: Այլ խոսքով՝ մարդու մեջ գոյություն ունի վայրագության պահանջը: Սակայն անհրաժեշտ է այդ պահանջը սփոփելու աշխատանքներ տանել: Լավ կլինի երեխային դեռ մանկուց սովորեցնել հաշտություն, ներողամտություն, հանդարտ ապրելու սովորույթներ: Լավ կլինի նաև երեխայի մեջ դաստիարակել ու աճեցնել սեր մշակույթի հանդեպ, դասական, ազգային երաժշտությունը հասկանալու և արժևորելու կարևորություն ու կարողություն:
Ամեն երեխա իր մեջ ունեցած վայրագությունը կարող է տարբեր ձևով դրսևորել, սակայն հեռուստացույց դիտելով՝ նա չի կարող անել դա, դիտողն ավելի է զայրանում և սկսում է դրսևորել իր վայրագությունը՝ կրկնելով տեսածը:
Լավ օրինակ ծառայելու կարիքը:
Հաճախ եմ կրկնել, որ մենք նոր սերնդին միայն օրինակով կարող ենք որևէ բան սովորեցնել: Փոքրերը տեսնում են շատ ավելին, քան մենք ցանկանում ենք: Ոչինչ չենք կարող թաքցնել նրանցից երկար ժամանակով:
Ծնողի դերը շատ կարևոր է, բայց չթերագնահատենք նաև ուսուցչի դերը: Երեխան շատ բան սովորում է նաեւ ուսուցչից: Այդ իսկ պատճառով ուսուցչի տված օրինակը և ուղղություն տալու նպատակով արված մի քանի արտահայտությունները կարող են մեծ հետք թողնել երեխայի կյանքում:
Երբ ծնողը կարողանում է գործից դուրս այլ զբաղմունք ունենալ, զավակն էլ իր հերթին անպայման կկարողանա ուրիշ զբաղմունք գտնել: Եթե գործից դուրս չափահասների միակ զբաղմունքը հեռուստացույց դիտելն է, ապա երեխան էլ նույնը կանի:
Արևմուտքում պրոֆեսիոնալ մարդիկ, որոնց թվին են պատկանում նաև ուսուցիչները, շատ քիչ ժամանակ են տրամադրում հեռուստացույցին: Որքան ավելի երկար ժամանակ է հատկացվում հեռուստացույցին, այնքան ավելի է պակասում մարդկանց աշխատանքային ու, ընդհանրապես, գործնական արդյունավետությունը:
Արդեն բավական ժամանակ է, որ փորձում եմ հասկանալ իմաստն ու պատճառն այն բանի, թե ինչու Հայաստանում շատ քաղաքապետների, գյուղապետների, դպրոցների տնօրենների, նույնիսկ նախարարների գրասենյակներում հեռուստացույց կա դրված և միշտ միացված:
Գովազդն ու հեռուստացույցը:
Հեռուստատեսային ծրագրերի սփռումը վիթխարի գումարներ է պահանջում: Այդ գումարները հայթայթում են նրանք, ովքեր որոշակի շահ են հետապնդում ու լավ գիտակցում, որ հեռուստացույցը կարող է ապահովել դա:
Հետապնդված շահերը միայն նյութական չեն: Նյութականից ավելի՝ հեռուստացույցն այսօր օգտագործվում է տարբեր գաղափարախոսություններ տարածելու նպատակով: Նրանք, ովքեր իրենց գաղափարախոսությունը տարածելու անհրաժեշտ գումարն ունեն, անմիջապես տրամադրում են հեռուստածրագրերին: Իսկ նրանք, ովքեր այդ գումարը չունեն, սակայն նյութական շահ են հետապնդում, դա անում են գովազդի միջոցով:
Նույնիսկ մեր հայրենիքում աներևակայելի գումարներ են ծախսվում գովազդի համար:
Գովազդով են վաճառվում ապրանքները, երգիչները ճանաչում են գտնում հասարակության մեջ, այնուհետև գովազդի միջոցով է, որ վաճառվում են նրանց ձայներիզները: Տարբեր կուսակցություններ իրենց գաղափարախոսությունը տարածում են գովազդի միջոցով և համոզում ընտրել սրան կամ նրան: Հանրային գաղափարափոխությունը նույնպես ապահովվում է գովազդի միջոցով:
Ընդհանրապես, որևէ հաղորդման ընթացքում գովազդ տեղադրելուց առաջ գովազդատուն զանազան ուսումնասիրություններ է պահանջում հաղորդման մասսայականության վերաբերյալ, որպեսզի որոշակի ապահովություն ունենա, որ իր դրամը չի վատնում:
Այդ նպատակով էլ գովազդ պատրաստող կազմակերպություն-ները շատ մեծ աշխատանք են տարել և համոզված են, որ գովազդի թիրախը պետք է լինի ոչ թե մարդու տրամաբանությունը, այլ նրա զգացողությունը: Զգացական հողի վրա մարդն ամբողջովին տարբեր որոշում է կայացնում, քան տրամաբանությամբ: Այն արթնացնում է երեխայի մեջ գտնվող հետաքրքրությունը և օգտագործում դա, նույն ձևով գովազդը վարվում է նաև չափահասների մեջ գտնվող այդ մանկական հետաքրքրության հետ: Մեզանից յուրաքանչյուրի մեջ գտնվող այդ մանուկն է, որ հետաքրքրվում է առաջարկվածով, ապա դա ունենալու համար դրամ է ծախսում, ինչն իրականում ո՛չ անհրաժեշտ է և ո՛չ էլ կարևոր:
Հեռուստածրագրերն ընդհանրապես շատ բարձր մակարդակով են պատրաստվում, սակայն բովանդակությամբ … սա այլ հաշիվ է:
Գիտենալով, թե տվյալ հաղորդումը ինչ լսարան ունի, ըստ այդմ էլ տեղադրվում են համապատասխան գովազդները: